понедельник, 30 апреля 2012 г.

Այսօր աշխատանքի համաշխարային օրն է

Հայաստանում մայիսի 1-ին նշվում է Աշխատանքի օրը: Այն տոնում են ավելի քան 140 երկրներում: 80 երկրներում այդպիսի տոն ընդհանրապես չկա, իսկ մի շարք պետություններում, օրինակ` ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում, Աշխատանքի օրը նշվում է ոչ մայիսի 1-ին: Տարբեր ժամանակաշրջաններում տարբեր նշանակություններ են հաղորդվել մայիսի 1-ին՝ Գարնան եւ աշխատանքի օր, Գարնան օր, Աշխատավորների համերաշխության միջազգային օր: Ըստ պատմաբանների, մայիսի առաջին օրը Եվրոպայի տարածքում նշել են դեռ հեթանոսական շրջանում. այսպես կոչված «Վալպուրգյան գիշերվա» ծեսը կատարվել է ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը: Քրիստոնեության դարաշրջանում եկեղեցին վերացրել է այդ ծեսը:19-րդ դարում բանվորական շարժման տարիներին մայիսի 1-ի տոնը վերականգնվել է: Շարժման հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրն էր: 1886 թվականի մայիսի 1-ին Միացյալ Նահանգներում եւ Կանադայում կոմունիստական եւ սոցիալիստական կուսակցությունների նախաձեռնությամբ տեղի են ունեցել բողոքի ցույցեր եւ երթեր: Չիկագոյում երթը ցրելու ժամանակ սպանվել է 6 ցուցարար: Դրան հաջորդել են բողոքի լայնածավալ ակցիաներ, պայթյունի հետեւանքով սպանվել է 8 ոստիկան: Դատարանի վճռով ցույցի մասնակից 4 բանվորներ մահապատժի են ենթարկվել: 1889 թվականին Երկրորդ ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը ի հիշատակ այդ բանվորների մայիսի 1-ը հռչակել է Աշխատավորների համերաշխության միջազգային օր:Այսօր աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են հանրահավաքներ ու երթեր: Եվրոպական որոշ պետություններում, մասնավորապես` Գերմանիայում, մայիսի 1-ին հաճախ տեղի են ունենում բախումներ ձախակողմյան եւ ազգայնական շարժումների ներկայացուցիչների միջեւ:Այսօր Ռուսաստանում կարգուկանոն է ապահովելու առնվազն 225 հազար ոստիկան: Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Չեկալինը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել է, որ արտակարգ իրավիճակների պարագայում ոստիկաններին օգնության կհասնեն ներքին գործերի նախարարության զորքը եւ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները: 

понедельник, 23 апреля 2012 г.

Մեծ Եղեռն

                      Հայոց Ցեղասպանություն
                       

Հայերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության հիմքում պանիսլամիզմի և պանթյուրքիզմի պետական դարձած գաղափարախոսություններն են:
Երիտթուրքական կառավարությունը, մտնելով Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, «Մեծ Թուրան» ստեղծելու հեռահար ծրագրեր ուներ: Մասնավորապես, նախատեսվում էր կայսրությանը կցել Այսրկովկասը, Հյուսիսային Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը և Պովոլժիեն: Այդ նպատակի իրականացման ճանապարհին անհրաժեշտ էր առաջին հերթին ոչնչացնել հայ բնակչությանը` նրանց մեղադրելով ռուսական կողմնորոշման և պանթյուրքիստների զավթողական ծրագրերը խոչընդոտելու համար: Հայերի բնաջնջումը միաժամանակ օրակարգից կհաներ նաև Հայկական հարցը, որով վերջ կդրվեր եվրոպական տերությունների միջամտություններին Թուրքիայի ներքին գործերին:
Ցեղասպանության ծրագիրն ուներ նաև ակնհայտ նյութական դրդապատճառներ. այն է` ձերբազատվել հայերի տնտեսական մրցակցությունից և բռնազավթել նրանց անշարժ ու շարժական գույքը:
Դեռևս Առաջին աշխարհամարտից առաջ հայ բնակչության բնաջնջման ծրագիրը մշակել էին կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, ռազմական նախարար Էնվեր փաշան, ծովային նախարար Ջեմալ փաշան, երիտթուրքական կուսակցության կենտկոմի անդամ Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ: Առաջին աշխարհամարտի սանձազերծումը պատեհ առիթ է ստեղծել հայերի զանգվածային ոչնչացման ծրագրերի իրագործման համար: 1914 թ-ի հոկտեմբերին Թալեաթի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ կազմվել է հատուկ մարմին՝ «Երեքի գործադիր կոմիտե» (Սելանիկլի Նազիմ, Բեհաէդդին Շաքիր, Միդհատ Շյուքրի), որին հանձնարարվել է կազմակերպել հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: «Երեքի գործադիր կոմիտեն» ստացել է մեծ լիազորություններ, զենք ու դրամ:
Իրենց ծրագիրն իրականացնելու նպատակով իշխանությունները նախ փորձել են հայերին զրկել դիմադրելու հնարավորությունից: Հայերի ցեղասպանության ծրագիրն իրականացվել է 3 փուլով:
Առաջին՝ պատերազմի սկզբին բանակ զորակոչված 18–45 տարեկան 60 հզ. հայ զինվորները, Սարիղամիշի մոտ թուրքական բանակի ջախջախումից հետո, որպես քավության նոխազ, զինաթափվել  են և 1915 թ-ի փետրվարին Էնվերի հրամանով ոչնչացվել: Սկզբում նրանց ռազմաճակատից տեղափոխել են թիկունք՝ բանվորական գումարտակներ, ապա խմբերով դուրս բերել տեղակայված վայրերից ու կոտորել: Այդ ընթացքում բռնագրավել են հայ բնակչության սակավաթիվ զենքն ու զինամթերքը:
Ցեղասպանության երկրորդ փուլը հայ մտավորականության և հայությանը կազմակերպող ուժի ձերբակալությունն ու ոչնչացումն էր: Զեյթունում խոշտանգվելով սպանվել է ազատագրական շարժման գործիչ Նազարեթ Չաուշը (Նորաշխարհյան), Վանում՝ Իշխանը (Նիկողայոս Պողոսյան), օսմանյան խորհրդարանի պատգամավոր Արշակ Վռամյանը (Օնիկ Դերձակյան) և շատ ուրիշներ: 1915 թ-ի ապրիլի 24-ին և հաջորդ օրերին Կոստանդնուպոլսում ձերբակալվել և Անատոլիայի խորքերն է աքսորվել մոտ 800 մտավորական. նրանց թվում էին կոմպոզիտոր Կոմիտասը, գրողներ Գրիգոր Զոհրապը (նաև խորհրդարանի պատգամավոր էր), Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Զարդարյանը, բժիշկ Նազարեթ Տաղավարյանը և շատ ուրիշներ: Մեծ մասն սպանվել է: 1915 թ-ի հունիսին Կոստանդնուպոլսի հրապարակներից մեկում կախաղան են բարձրացվել հնչակյան գործիչ Փարամազը (Մատթեոս Սարգիսյան) և նրա 19 կուսակից ընկերները:
Երրորդ փուլում սկսվել է տասնյակհազարավոր անպաշտպան կանանց, երեխաների ու ծերերի զանգվածային տեղահանությունը: Որոշ վայրերում հայ բնակչությունը փորձել է դիմադրել: 1915 թ-ի մայիս-հունիսին սկսվել են Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Դիարբեքիրի նահանգների, Կիլիկիայի, Արևմտյան Անատոլիայի և այլ վայրերի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն արդեն կռահել էր, որ հայ բնակչության տեղահանությունը հետապնդում է մեկ նպատակ` հայերի զանգվածային ոչնչացում: Տեղահանության իսկական նպատակը հայտնի էր նաև Թուրքիայի դաշնակից Գերմանիային, որի դեսպան Հանս Վանգենհայմը 1915 թ-ի հուլիսին այդ մասին տեղեկացրել է իր կառավարությանը:
Մշտական բնակության վայրերից բռնի տեղահանված հայերը կարավաններով ուղարկվել են կայսրության խորքերը, Միջագետք և Սիրիա, որտեղ նրանց համար ստեղծվել էին հատուկ ճամբարներ: Ճանապարհին նրանք ենթարկվել են թուրքական խուժանի ու քրդական ավազակախմբերի հարձակումներին, կոտորվել. տեղահանվածների չնչին մասն է հասել ճամբարներ: Այսպես՝ Տրապիզոնի 3 հզ. հայ աքսորականներից Հալեպ է հասել միայն 35-ը: Միջագետքի անապատներ հասած աքսորականներին  հաճախ խմբերով հանել են ճամբարներից և կոտորել ավազուտներում: Հարյուրհազարավոր մարդիկ էլ դարձել են սովի, հիվանդությունների և համաճարակների զոհ: Հալեպի նահանգապետին ուղարկած գաղտնի հեռագրով Թալեաթը պահանջել է վերջ տալ հայերի գոյությանը՝ ուշադրություն չդարձնելով «ո՜չ սեռին, ո՜չ խղճի խայթին»:
Պահպանվել են ցեղասպանությունը վերապրած հայերի և իրադարձությունների ականատես օտարերկրյա դիվանագետների, միսիոներների ու լրագրողների՝ հայ բնակչությանը բաժին ընկած  ահավոր տառապանքների հազարավոր հաղորդագրություներ ու նկարագրություններ: Կոտորածը շարունակվել է նաև հետագա տարիներին: Հազարավոր հայեր ոչնչացվել են Ռաս ուլ Այնի, Դեյր էզ Զորի և այլ ճամբարներում:
Չնայած օրհասական դրությանը՝ 1915 թ-ին Արևմտյան Հայաստանում և կայսրության մի շարք շրջաններում հայությունը դիմել է ինքնապաշտպանության: Հերոսամարտեր են տեղի ունեցել Վանի վիլայեթում (Շատախ, Հայոց ձոր, Գյավաշ, Թիմար և այլ վայրերում), Վան քաղաքում, Մուշում, Սասունում, Շապին-Գարահիսարում, Մուսա լեռան վրա, Ուրֆայում, ինչպես նաև Բյուրիքում (Շապին-Գարահիսարի գավառ), Սինջարում (Դիարբեքիրի վիլայեթ), Ֆունջակում, Ֆռնուզում, Կիշելֆիլում, Բերեկոյում (Ադանայի վիլայեթ), Գուվաթ-Շափայում (Տրապիզոնի վիլայեթ) և այլ վայրերում:
1918 թ-ին արշավելով Այսրկովկաս՝ թուրքական զորքերը հայերի կոտորածները շարունակել են Արևելյան Հայաստանում ու Ադրբեջանում: Սեպտեմբերի 15-ին, երբ անգլիական ուժերը լքել են դիրքերը, թուրքերը գրավել են Բաքուն և ադրբեջանական ազգայնամոլների հետ կոտորել 30 հզ. հայի:
1918–20 թթ-ին հայ բնակչության ջարդեր են կազմակերպվել Շուշիում: 1919 թ-ի հունիսի 5-ի գիշերը քաղաքում և շրջակա գյուղերում սրի է քաշվել ավելի քան 500 հայ: 1920 թ-ի մարտի 23-ին թուրք-մուսավաթական ավազակախմբերը կոտորել են ավելի քան 30 հզ. մարդու, հրդեհել քաղաքի հայկական մասը:
1920 թ-ի թուրք-հայկական պատերազմի (սեպտեմբերի 28 – նոյեմբերի 18) ընթացքում թուրքական զորքերը Ալեքսանդրապոլում և գավառի գյուղերում զանգվածաբար ոչնչացրել են խաղաղ հայ բնակչությանը, կողոպտել ունեցվածքը:
1915–16 թթ-ին Եղեռնից մազապուրծ Կիլիկիայի հայերը, որոնք ապաստանել էին արաբական երկրներում, Թուրքիայի պարտությունից հետո սկսել են վերադառնալ իրենց բնակության վայրերը: Ըստ դաշնակիցների գաղտնի համաձայնության (1916 թ.)՝ Կիլիկիան մտնելու էր Ֆրանսիայի ազդեցության գոտի: 1919 թ-ին Կիլիկիայում հայերի թիվը 120–130 հզ. էր, 1920 թ-ին հասել է 160 հզ-ի: Այդտեղ տեղաբաշխված ֆրանսիական զորքերի հրամանատարությունը միջոցներ չի ձեռնարկել՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը, որից օգտվելով՝ քեմալականները բռնություններ են սկսել հայերի դեմ: 1920 թ-ի հունվարին, 20 օրվա մարտերի ընթացքում, Մարաշում զոհվել է 11 հզ. հայ, մնացածները հեռացել են Սիրիա:
Շուտով թուրքերը պաշարել են Հաճնը. տեղի 6 հզ. հայերը 7 ամիս համառորեն դիմադրել են, բայց հոկտեմբերին թշնամուն հաջողվել է գրավել քաղաքը: 1920 թ-ի սկզբին Հալեպ են հասել Ուրֆայի հայության խլյակները՝ մոտ 6 հզ. մարդ: 1920 թ-ի ապրիլի 1-ին քեմալական զորքերը պաշարել են Այնթապը: Շնորհիվ 15-օրյա հերոսական պաշտպանության՝ այնթապցիները խուսափել են կոտորածից: Բայց երբ ֆրանսիական զորքերը թողել են Կիլիկիան, 1921 թ-ի վերջին Այնթապի հայերն ստիպված անցել են Սիրիա: 1920 թ-ին քեմալականները ոչնչացրել են Զեյթունում մնացած հայերին:
Հայոց ցեղասպանության վերջին արարը 1919–22 թթ-ի հույն-թուրքական պատերազմի ընթացքում հայերի կոտորածն էր Թուրքիայի արևմտյան շրջաններում: 1921 թ-ի օգոստոս-սեպտեմբերին թուրքերը, բեկում մտցնելով պատերազմի մեջ, ընդհանուր հարձակման են անցել հունական զորքերի դեմ: 1922 թ-ի սեպտեմբերի 9-ին նրանք մտել են Իզմիր (Զմյուռնիա) և կազմակերպել հայերի ու հույների ջարդը, խորտակել են Իզմիրի նավահանգստում կանգնած հայ և հույն փախստականներով լեփ-լեցուն, ինչպես նաև փախստականներին փոխադրելու պատրաստ նավերը:
Թուրքական իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանության հետևանքով կայսրության 2,5 մլն հայերից զոհվել է 1,5 մլն-ը: Շուրջ 800 հզ. հայեր գաղթական են դարձել և ցրվել աշխարհով մեկ: Արևմտյան Հայաստանը զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Բռնի մահմեդականացվել է 200 հզ. հայ, որոնց սերունդներն այժմ հիմնականում բնակվում են Ճորոխ գետի հովտում: Ոչնչացվել է 66 քաղաքների ու 2500 գյուղերի հայ և այլազգի քրիստոնյա բնակչությունը: Կողոպտվել և քանդվել են 2350 եկեղեցի ու վանք, 1500 դպրոց ու վարժարան: Արևմտահայությանը հասցվել է 14,6 մլրդ ֆրանսիական ֆրանկի կամ 6 մլրդ գերմանական մարկի վնաս: Թուրքական կառավարությունը կողոպտած փողերից Բեռլին է ուղարկել 100 մլն մարկ (ոսկի): Յուրացվել են նաև օսմանյան բանկերում պահվող հայերի ավանդները, ինչպես նաև նրանց պատկանող շարժական ու անշարժ գույքը:
Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն է կրում նաև կայզերական Գերմանիայի կառավարությունը, որը ոչ միայն տեղյակ էր նախապատրաստվող ոճրագործությանը, այլև նպաստել է դրա իրագործմանը: Գերմանիայի մեղսակցությունը նշել են գերմանացի հանրահայտ մտավորականներ Յոհաննես Լեփսիուսը, Արմին Վեգները, Կարլ Լիբկնեխտը և ուրիշներ:
Աշխարհի առաջադեմ հասարակական, քաղաքական և մշակույթի ու գիտության բազմաթիվ գործիչներ [Ջեյմս Բրայս, Առնոլդ Թոյնբի (Մեծ Բրիտանիա), Մաքսիմ Գորկի, Վալերի Բրյուսով (Ռուսաստան), Անատոլ Ֆրանս, Ժակ դը Մորգան (Ֆրանսիա), Յոզեֆ Մարկվարտ (Գերմանիա), Հերբերտ Գիբոնս (ԱՄՆ), Ֆրանց Վերֆել (Ավստրիա) և շատ ուրիշներ] դատապարտել են թուրք ջարդարարների հանցագործությունը:
Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից (1918 թ-ի հոկտեմբերի 30) հետո թուրքական իշխանությունները մեղադրել են երիտթուրքերի պարագլուխներին՝ Թուրքիան կործանարար պատերազմի մեջ ներքաշելու համար, և դատի տվել: Պատերազմի հանցագործներին ներկայացվել են նաև Օսմանյան կայսրության հայերի կոտորածների կազմակերպման ու իրականացման մեղադրանքներ: Սակայն երիտթուրքական պարագլուխներից մի քանիսի դատավճիռները կայացվել են հեռակա կարգով (1919 թ-ի հուլիս): Աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո նրանց հաջողվել է փախչել երկրից. ոմանց (Թալեաթ, Բեհաէդդին Շաքիր, Ջեմալ, Սայիդ Հալիմ և ուրիշներ) նկատմամբ մահվան դատավճիռը հետագայում իրականացրել են հայ ժողովրդական վրիժառուները՝ «Նեմեսիս» գործողությամբ:
1988 թ-ի նոյեմբերի 25-ին ՀԽՍՀ ԳԽ-ն ընդունել է «Օրենք Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ-ի ցեղասպանության դատապարտման մասին», որով Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը դատապարտվել է որպես ոճրագործություն մարդկության դեմ: 1990 թ-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ ԳԽ-ի ընդունած Հայաստանի անկախության մասին հռչակագրում ասված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թ-ին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:



ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՅՑԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կառուցելու գործում մեծ է եղել Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի դերը:
1964թ. Հայաստանից մի խումբ մտավորականներ նամակ են գրել ՀԿԿ կենտկոմին՝ խնդրելով թույլատրել  կառուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Երկար դիմում-խնդրանքներից հետո վերջապես 1965թ. ՀԽՍՀ նախարարների խորհուրդն այդ հուշարձանը կառուցելու մասին որոշում է կայացրել:
Նույն թվականի ապրիլի 1-ին հայտարարվել է կոթողի լավագույն նախագծի համար մրցույթ, որին կարող էին մասնակցել նաև սփյուռքահայ ճարտարապետներ: Մրցույթի ավարտին ներկայացվեց մոտ 70 նախագիծ: Ըստ մրցույթը կազմակերպողների` այդ կոթողը պետք է մարմնավորեր նաև հայ ժողովրդի մաքառումներով լի կյանքը, նրա կենսունակությունը, ներկան և վառ ապագան:
Քվեարկությամբ ընտրվեց <<ՀՍՍՌ դրոշակ>> ծածկանվամբ նախագիծը (հեղինակներ՝ Սաշուր Քալաշյան, Արթուր Թարխանյան): Վայրն ընտրել էին հեղինակները: Հուշահամալիրը կառուցվել է 1965-1967թթ., որի համար ծախսվել է 400000 ռուբլի: Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ1967թ. նոյեմբերի 29-ին` խորհրդային Հայաստանի 47-րդ  տարեդարձի օրը:
Հուշահամալիրն զբաղեցնում է 4500 քմ տարածք: Բաղկացած է հիմնական 3 կառույցներից՝ հա-վերժության տաճարը, հուշասյունը և հուշապատը:
Համալիր տանող ճանապարհն անցնում է բազալտե սրբատաշ քարերով շարված 100 մ երկարությամբ հուշապատի կողքով, որի վրա փորագրված են Օսմանյան կայսրության ենթակայության տակ գտնվող հայաբնակ մի շարք խոշոր բնակավայրերի անուններ, որոնց բնակչությունը թուրքական ոճրագործության զոհ է դարձել: Հուշապատը  նաև մի ուրույն պատնեշ է, որը հուշահամալիրը  բաժանում է  Հրազդանի հանդիպակաց ափի բնակելի տարածքից:
1996թ. հուշապատի հակառակ կողմում ամփոփվել են օտարազգի այն անհատների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, ովքեր բողոքի ձայն են բարձրացրել ընդդեմ Հայոց ցեղասպանության: Այդ նվիրյալներն են Արմին Վեգները, Հեդվիգ Բյուլը, Հենրի Մորգենթաուն, Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը, Ջեյմս Բրայսը, Ֆրիտյոֆ Նանսենը, Ֆայեզ էլ Ղուսեյնը, Անատոլ Ֆրանսը, Ջակոմո Գորինին, Բենեդիկտոս 15-րդը, Քարեն Եփփեն:
 <<Վերածնվող Հայաստան>> հուշասյունը սլաքաձև է, դեպի երկինք է խոյանում 40 մ բարձրությամբ: Այն խոր ակոսներով բաժանված է երկու մասի՝ մեծ և փոքր ընձյուղների, որոնք արտահայտում են կյանքի շարունակականության, ազգի վերածննդի գաղափարը: Ըստ հեղինակների`  հուշասյունը բույսի ցողուն է, որը ցավի տապանը պատռել և դուրս է եկել՝ խորհրդանշելով շարունակվող կյանքը:
 Հավերժության տաճարը կառուցված է դեպի կենտրոն խոնարհվող բազալտե հսկա 12 մույթերով: 12 թիվն ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից: Դեպի տաճարի սրահը և հավերժական ջահն են տանում հարթակից իջնող անսովոր բարձր աստիճանները, որոնք այցելուներին ստիպում են խոնարհվել Եղեռնի զոհերի հիշատակի առջև:
Հուշասրահի խորքից մշտապես հնչում են Կոմիտասի, Մ. Եկմալյանի հեղինակած սգո մեղեդիները, որոնց հետ ներդաշնակորեն միահյուսվում է հավերժության կրակը:  Կրակն արտահայտում է վերքի չսպիանալու, հավերժ մխալու գաղափարը: Կենտրոնական կլոր ծավալով այդ տապանը նույնպես, հեղինակների պատկերացմամբ, ճաքել է ցավի ուժգնությունից, պատռվել, և  բացվել է վերքը:

воскресенье, 22 апреля 2012 г.

Մեր դասարանը

вторник, 10 апреля 2012 г.

ՄԵԾ ՉԻՆԱԿԱՆ ՊԱՐԻՍՊ

Տեղացիներն այս պարիսպն անվանում են "Չինական պետության պատառիկներն իրար միացնող աստվածային թել": Պարսպի մյուս անվանումներն նվազ բանաստեղծական են` "Արցունքի եւ տառապանքի պատ", "Աշխարհի ամենաերկար գերեզմանոցը": Մոտավոր հաշվարկներով` Պատում թաղված է մոտ մեկ միլիոն չինացի, ովքեր մահացել են շինարարության ժամանակ` մ.թ.ա. 3-րդ դարի հզոր կայսր Ցին Շիխուանդիի օրոք (նրա անունը նշանակում է "Ցին դինաստիայի առաջին տիրակալը"): 
     Մեծ չինական պարիսպը հսկայական է: Ասում են, որ այն նույնիսկ տիեզերքից է երեւում: Մինչ այժմ Չինական պարսպի երկարության մասին գիտնականները վիճաբանում են` բերելով երկու թիվ` ավելի քան 4000 կմ եւ ավելի քան 5000 կմ: Այս պատի լայնությունն այնքան է, որ իրար կողքի հանգիստ կարող են անցնել հինգ ձիավոր:      Համարվում է, որ երկրի ողջ հյուսիսային սահմանի երկայնքով անցնող Չինական պարիսպը կառուցվել է թշնամիների ներխուժումից (հին ժամանակներում դրանք հոներն էին, մոնղոլները) Չինաստանը պաշտպանելու համար: Սակայն միշտ չէ, որ այն փրկել է երկիրը: Օրինակ` այս պարիսպը արգելք չհանդիսացավ Չինգիզ խանի փորձառու զորքի համար: Պարսպի գրավման վերջին հաջող փորձը կատարվել է 1933թ.-ին, երբ Չինաստանի տարածք ներխուժեցին ճապոնացիները:      Այժմ որոշ գիտնականների կողմից վիճարկվում են Չինական պարսպի շինարարության եւ նշանակության մասին ավանդական պատկերացումները: Նոր վարկածներ են առաջ քաշվում, որոնց համաձայն` այս հսկայական շինության ճարտարապետները եղել են ոչ թե չինացիները, այլ մեզ անհայտ քաղաքակրթության ներկայացուցիչներ:      Հին չինական տեքստերում բազմաթիվ հիշատակումներ կան իմաստուն եւ մարդասեր "երկնքի որդիների" մասին (ավելի ուշ այսպես սկսեցին անվանել կայսրերին): Առաջին "երկնքի որդու"` Խուանդիի ժամանելուց առաջ "հզոր կայծակի փայլատակումը գոտեւորեց Շերեփի (Մեծ արջի) համաստեղության Ծզի աստղը": Ինչպես պնդում են տեքստերը, ինքը` Խուանդին, Առյուծի համաստեղությունից էր: Հարյուր տարի լինելով Չինաստանի տիրակալը` նա հոգնում է եւ "վերադառնում իր աստղը": Առաջին "երկնքի որդուն" Երկրից տանում է "վիշապը", որը վեր է խոյանում տիեզերք հսկայական արագությամբ:      Ռուս ինժեներ-էլեկտրոֆիզիկոս Վլադիմիր Կորոբեյնիկովը հետեւյալ հետաքրքիր վարկածն է առաջ քաշում չինական պարսպի նշանակության վերաբերյալ: Հասկանալի է, որ այլ մոլորակներից եկվորներին եւ նրանց հաջորդներին հարկավոր էր գերհեռավոր միջգալակտիկական կապ ինչպես իրենց մոլորակի բնակիչների, այնպես էլ հնարավոր այլ քաղաքակրթությունների հետ: Այս նպատակով էլ կառուցվել են Մեծ չինական պարիսպը եւ եգիպտական բուրգերը Գիզայում` դառնալով ընդհանուր միջգալակտիկական "ռադիոկայանի" մասեր: Նրանց օգնությամբ Երկրից ազդանշաններն ակնթարթորեն հասնում էին տիեզերքի ցանկացած կետ:     Կորոբեյնիկովը նշում է, որ պարսպի ավելի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրա նախագծում գաղտնագրված են ճշտագույն մաթեմատիկական հաշվարկներ: "Չինական պարիսպն անցնում է 30-րդ զուգահեռականով: Հայտնի է, որ հասարակածը Երկրագունդը կիսում է երկու մասի, բայց ոչ հավասար: Դեպի հյուսիս ցամաքի մակերեսն ավելի մեծ է: Իսկ եթե տանենք Երկրագունդը երկու հավասար մասերի բաժանող ենթադրվող հասարակածի գիծը, ապա այն կանցնի համարյա 30-րդ զուգահեռականով եւ այնքան էլ ուղիղ գիծ չի լինի: Այ հենց այդ զիգզագաձեւ ենթադրվող հասարակածով է ձգվում Չինական պատը, իսկ եթե այն շարունակենք, ապա այն կանցնի նաեւ Գիզայի բուրգերով":      Մեր մոլորակն ունի իր սեփական էլեկտրական լիցքը: Չինական պարսպի տակ այն բաժանվում է երկու հավասար մասերի` դեպի հյուսիս եւ հարավ: Կորոբեյնիկովի վարկածի համաձայն` Երկրագունդն ունի նաեւ իր սեփական էլեկտրամագնիսական ալիքը Գալակտիկայում: Ինչ-որ մեկը Չինական պարսպով էլեկտրական ազդանշան էր անցկացնում, որն առաջացնում էր Երկրագնդի էլեկտրական լիցքի բաշխում հյուսիսային եւ հարավային մասերի միջեւ: Իր հերթին, Երկրի լիցքի բաշխումն ակնթարթորեն փոխում էր տիեզերք ճառագայթվող մոլորակի ալիքի կառուցվածքը:      "Սա դեռեւս գիտությանն անհայտ, ակնթարթային կապի տրանսցենդենտային (սահմանից դուրս) համակարգերի սկզբունքն է,-ընդգծում է Կորոբեյնիկովը,-բայց որտեղի՞ց այս մասին գիտեին մեր թվարկությունից առաջ, եթե հիմա տեսական էլեկտրադինամիկան նոր է մոտեցել այսպիսի բաների ըմբռնմանը":      Միջգալակտիկական ընդունիչում եգիպտական բուրգերն էլ ռեզոնատոր-անտենաների դեր են կատարում: Նրանք տիեզերքից տեղեկատվություն են ընդունում` "աշխատելով" Երկրի ալիքների եւ գալակտիկական ալիքների երկարությունների տարբերության վրա: Սա է պատճառը, որ բուրգերի համար էլ են ընտրված շատ ճշգրիտ տեխնիկական պարամետրեր:      Վերջին տվյալներով` չինական կառավարությունը ձեռնամուխ է եղել Մեծ չինական պարսպի վերականգնման աշխատանքներին: 

понедельник, 9 апреля 2012 г.

1945 թիվ ԽՍՀՄ բանակը գրավեց Քյոնիգսբերգը


Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը կազմավորվել է 1922 թվականի դեկտեմբերի 30-ին: Պաշտոնապես դա ինքնիշխան խորհրդային պետությունների միություն էր: Մայրաքաղաքը Մոսկվան էր: Հետագայում կազմավորվեցին նաև այլ պետություններ:

ԽՍՀՄ-ի կազմավորման հռչակագրի մեջ նշվում է, որ միությունը կառուցված է ազգերի ինքնորոշման սկզբունքով: Շեշտվում էր նաև, որ նրանցից յուրաքանչյուրն ունի ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու իրավունք: : Իրականում, սակայն, ԽՍՀՄ-ն ազգերի բռնի միավորում էր, ամեն բան որոշում էին իշխանության կենտրոնական մարմինները:

1821 թիվ Ծնվել է Շառլ Բոդլերը


Ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան Շառլ Բոդլերը ծնվել է Փարիզում: Հայրը` Ժոզեֆ Ֆրանսուա Բոդլերը, Նապոլեոն Բոնապարտի օրոք հասել էր պետական բարձր դիրքերի: Բուրբոնների վերադարձից հետո պաշտոնաթող է եղել և մահացել 1827-ին: Մեկ տարի անց նրա կինը ամուսնացել է մայոր Օպիկի հետ, որը հետագայոմ դառնում է գեներալ և ստանձնումՓարիզի զինվորական պարետի պաշտոնը: Մանուկ Շառլը մոր երկրորդ ամուսնությունն ընդունում է որպես դավաճանություն հոր հիշատակի և իր հանդեպ: Այս զգացումը նրան հետապնդում է մինչև կյանքի վերջը: 


1833-ին Բոդլերը ընդունվում է նախ Լիոնի արքայական, ապա` Փարիզի Լյուդովիկոս Մեծի քոլեջը: Այստեղ նա գրում է իր առաջին բանաստեղծությունները: 


1839-ին բանաստեղծն անհայտ պատճառներով վտարվում է քոլեջից և տրվում բոհեմական կյանքին: Մայրը և հայրացուն նրան այդ մոլությունից ետ պահելու համար ուղարկում են ծովային ճանապարհորդության: Սակայն Բոդլերը Ռեյունյոն և Մավրիկոս կղզիներում կարճատև ճամփորդությունից հետո վերադառնում է Փարիզ: 


1842-ին Բոդլերն արդեն չափահաս էր և, ստանալով հոր ժառանգությունը, սկսում է ինքնուրույն կյանք վարել: Մերձենում է երիտասարդ գրողների հետ, որոնք ապրում էին ցոփ ու շվայտ կյանքով, նրանց բոլորին իր խենթություններով Բոդլերը գերազանցում էր: 


Այդ շրջանում սկսում է նրա երկարատև կապը մուլատուհի Ժաննա Դյուվալի հետ: Երկու տարվա ընթացքում Բոդլերը վատնում է հորից ստացած ժառանգության կեսը, և ընտանիքի պահանջով նրա վրա հաստատվում է ցմահ խնամակալություն: Խնամակալությամբ նա ամսական ստանում էր մի համեստ գումար, որը չէր համապատասխանում Բոդլերի ծախսերին և շուտով նա խրվում է պարտքերի մեջ, որից չի ազատվում մինչև կյանքի վերջը: 


1845-ին լույս է տեսնում Բոդլերի առաջին արվեստաբանական ուսումնասիրությունը` գրքույկը: Այստեղ քննելով իր նախասիրած գեղանկարիչներին, հատկապես Էժեն Դելակրուայի արվեստը՝ հանգում է կրքոտ ու անկեղծ ռոմանտիզմի ջատագովությանը: 


Բոդլերը մասնակցում է 1848-ի հեղափոխական իրադարձություններին: Հանրապետության հաստատումից հետո Շանֆլերիի հետ հրատարակում է «Հասարակական փրկություն» թերթը, որը լույս է տեսնում ընդամենը երկու համար: 


Արդեն 1840-ականներին Բոդլերը պատրաստում է իր բանաստեղծությունների նշանավոր ժողովածուն` խորագրով, որը լույս է տեսնում 1857-ի հունիսին: Հեղինակին մեղադրում են հասարակական անբարոյականության մեջ, դատապարտում են են մի շարք բանաստեղծություններ և տուգանում թե´ բանաստեղծին, թե´ հրատարակիչներին: 


Սակայն Բոդլերի պաշտպանությամբ հանդես են գալիս ժամանակի առաջավոր մտածողները: «Ամբողջ ուժով ասում եմ՝ կեցցես»,-այսպես է նրան ողջունել Վիկտոր Հյուգոն: 


1864-ին Բոդլերը թողնում է Փարիզը և հաստատվում է Բրյուսելում` հույս ունենալով կարգավորել գործերը: Թարգմանում է Էդգար Պոյի ստեղծագործությունները և հրատարակում իր բանաստեղծությունների մի փոքրիկ ժողովածու («Բեկորներ», 1866): 


Նա շրջագայել է Բելգիայի քաղաքներում` ցանկանալով գիրք գրել այդ երկրի մասին: Սակայն այստեղ նա ծանր հիվանդանում է և վերադառնում Փարիզ, որտեղ կաթվածահար, մարմնական ու հոգեկան տառապանքների մեջ կնքում է իր մահկանացուն:


Իսահակ Նյուտոն


Անգլիացի ֆիզիկոս, մաթեմաթիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Սիր Իսահակ Նյուտոնը ծնվել է 1643 թ. հունվարի 4-ին (1642 թ. դեկտեմբերի 25-ին հին տոմարով) Woolsthorpe-by-Colsterworth գյուղում (Մեծ Բրիտանիա) և մահացել է 1727 թ. մարտի 31-ին (մարտի 20-ին հին տոմարով) Քենզինգտոն (Kensington) քաղաքում:
Նա համարվում էր փիլոսոփա, որովհետև իր ժամանակին փիլոսոփայությունը ընդգրկում էր բնական գիտությունները:
Իսահակ Նյուտոնը «Philosophiae Naturalis Principia Mathematika» (բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները) գրքի հեղինակն է, որում նա նկարագրում է գրավիտացիան ու շարժման օրենքները և հիմք է դնում դասական մեխանիկային: Նա նաև դիֆերենցիալ հաշվարկման հիմնադիրներից մեկն է:
Իր փայլուն հետազոտության համար, մանավանդ ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում, Նյուտոնը համարվում է աշխարհի լավագույն գիտնականներից մեկը:


Կյանքը

Նյուտոնի հայրը, մի հասարակ հողագործ, որդու ծնունդից առաջ մահացավ: Դպրոց նա այցելեց մոտակա Գրանտհեմ (Grantham) քաղաքում և 18 տարեկանում ընդունվեց Թրինիթի Վարժարան (Trinity College), որն ավարտեց 1665 թ. :

Նյուտոնի արձանը Թրինիտի Վարժարանում
1666-1675 թթ. նա զբաղվում էր գիտությամբ: 1666 թ. նա ստեղծեց գրավիտացիայի տեսությունը, 1668 թ. ներկայացրեց իր տարբեր ոսպնյակներից բաղկացած «Հայելի-հեռադիտակ»-ը, 1672-ից զբաղվեց լույսի հատկություններով և գրեց բազմաթիվ աշխատանքներ:
1675-1682 թթ. Նյուտոնը գիտական աշխատանքներ չկատարեց: Դրանից հետո նա ստեղծեց գրավիտացիայի օրենքները, բացատրեց մոլորակների էլիպսաձև շարժումը և 1687 թ. գրեց իր գլուխգործոցը «Philosophiae Naturalis Principia Mathematika»:

Նյուտոնի գերեզմանը
1727 թ. մեծ հանդիսավորությամբ, Նյուտոնին հանձնեցին հողին: Նրա գերեզմանը գտնվում է Լոնդոնի Վեստմինստեր մատուռում (Westminster Abbey):

суббота, 7 апреля 2012 г.

Սուրբ Զատիկի խորհուրդը






Սուրբ զատիկը ուրախության տոն է: Սուրբ Զատիկը հոգեւոր գրականության մեջ կոչվում է “Հրաշափառ հարության տոն”, “Լուսավոր Զատկի տոն”, եւ այդ օրը, ինչպես մեզ հայտնի մնացյալ տոներին, քրիստոնյաները շնորհավորում են միմյանց` ասելով` Քրիստոս հարյավ ի մեռելոց, եւ պատասխանում` օրհնյալ է հարությունը Քրիստոսի: Քրիստոսի հարությունը Եկեղեցին տոնախմբում է շուրջ 40 օր, մինչեւ Նրա Համաբարձումը` 40 օր շարունակ շնորհավորելով միմյանց, քանի որ մինչ համբարձվելը մեր տերը 40 օր այս երկրի վրա իր աշակերտների հետ էր:
Այն ուրախության տոն է նաեւ, որովհետեւ այդ օրը Քրիստոս հաղթեց մարդկությանը անհաղթահարելի թվացող ամենամեծ իրողությանը` մահին, նույնը մեզ խոստանալով:
Երբ Քրիստոսին մատնեցին, չարչարեցին, խաչեցին եւ թաղեցին, առաքյալները հուսալքված էին: Մատնության օրերին նույնիսկ աշակերտներից Պետրոսը երեք անգամ ուրացավ նրան: Մի տեսակ հակասություն էր ստեղծվում. մի կողմից նրանք տեսել էին մի վարդապետի, որ իշախնություն ուներ երկրի տարերքների վրա, սաստում էր հողմերը, քայլում ջրերի վրայով, խոսքի միջոցով բժշկում անբուժելի թվացող հիվանդներին` կույրերին, կաղերին, այլ անդամալույծների, համարձակ կերպով եւ առանց վարանելու քննադատում էր օրվա հոռի բարքերն ու սովորույթները, հանկարծ մի խումբ մարդկանց կողմից ձերբակալվեց եւ դատապարտվեց: Քրիստոսի Սուրբ հարությունը վերացրեց իր աշակերտների մոտ առաջացած հուսալքությունը: Առաքյալների մտքում, հոգում եւ սրտերում վերացան կասկածները: Քրիստոսի վարդապետությունը` որպես մի ամբողջություն, բացահայտվեց նրանց առջեւ հիմնովին, եւ դրա տարածելն աշխարհով մեկ դարձավ նրանց կյանքի իմաստը: Նրանք ոչ միայն Տեր եւ Փրկիչ հռչակեցին Քրիստոսին Թովմաս առաքյալի շուրթերով, այլեւ համակվեցին նույն հարությանն արժանանալու ցանկությամբ եւ կրքով: Խոսելով հարության մասին` Պողոս առաքյալը գրում է. “Ո՞ւր է, մա’հ, քո յաղթութիւնը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը (Կորնթ. 15:55):
Այս ամենին ռացիոնալ միտքը դժվարությամբ է հավատում, սակայն Քրիստոսի հարությունն ապրում է յուրաքանչյուր հավատացյալի սրտում իր խղճի հետ միասին: Առաքյալներն այս վարդապետությունը բարի լուր` Ավետարան կոչեցին, որպեսզի նրանք, որ ցանկանում են արժանի լինել նույն այս խորհրդին, կատարեն այն ամենը, ինչ Քրիստոս է պատվիրել, որոնցից մեծագույնը սերն է իր նմանի հանդեպ:Սուրբ Զատիկը Քրիստոնեական Եկեղեցու մեծագույն տոնն է: Այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը մեռելներից: Այն Քրիստոսի հարության տոնն է, Հայ Եկեղեցու շարականների` հոգեւոր երգերի նկարագրությամբ` “բացեց երկնքի դռները եւ անուշահոտություն բուրեց աշխարհում` ցույց տալով ճանապարհը նորոգման, եւ կենդանություն պարգեւեց մարդկային ցեղին” (Հարության շարականներ): Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված իր առաջին թղթում գրում է. “Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է մեր քարոզութիւնը, ի զուր է եւ ձեր հաւատը: Եւ Աստծու սուտ վկաները եղած կը լինենք” (Կորնթ. 15: 14-15):

Ալեքսանդր Շիրվանզադե


Հայ գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեի ստեղծագործությունը հայ ռեալիստական գրականության բարձրագույն նվաճումներից է, այն նոր շրջան է սկզբնավորել հայ գեղարվեստական մտածողության, մասնավորապես՝ հոգեբանական արձակի և դրամատուրգիայի պատմության մեջ:


Ալեքսանդր Շիրվանզադեն (իսկական ազգանունը՝ Մովսիսյան) սովորել է Շամախիի հայոց թեմական և ռուսական գավառական երկդասյան դպրոցներում: Հոր անսպասելի սնանկացման պատճառով պատանին ստիպված թողել է ուսումը և աշխատել:


1875թ. մեկնել է Բաքու և 3 տարի աշխատել որպես գրագրի օգնական՝ ականատես լինելով շահի ու կողոպուտի համար մղվող մրցավազքին: Այդ տարիներին նրա կյանքում մեծ դեր է ունեցել մորաքրոջ որդին՝ դերասան Հովհաննես Աբելյանը: Աբելյանների տանը նա ծանոթացել է հայ և համաշխարհային գրականությանը, մամուլին, ճանաչել հայ ականավոր գործիչների:


1878 թ.-ից Շիրվանզադեն թղթակցել է հայկական և ռուսական մամուլին, կատարել գրական առաջին փորձերը: 1883թ. տեղափոխվել է Թիֆլիս: Նույն թվականին «Մշակ» թերթում տպագրվել է նրա առաջին գեղարվեստական ստեղծագործությունը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, այնուհետև՝ «Գործակատարի հիշատակարանից» վիպակը: 1884թ. «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել «Խնամատար» վիպակը, 1885թ.՝ «Նամուս» վեպը, որով և հայտնի է դարձել:


Վեպում նա պատկերել է գավառական քաղաքի սոցիալ-հոգեբանական մթնոլորտը և հետամնաց միջավայրը, որին զոհ են գնում հերոսները:


1886–91թթ. Շիրվանզադեն եղել է «Արձագանք» պարբերականի քարտուղարը, որտեղ տպագրել է «Ֆաթման և Ասադը» (1888թ.), «Տասնուհինգ տարի անց» (1890թ.) նովելները, «Արամբին» (1888թ.), «Զուր հույսեր» (1890թ.) վեպերը՝ շարունակելով «Նամուս»-ում շոշափած թեմաները:
Գրողը ցավով նկատում է, որ արագորեն վերանում են ավանդական հարաբերությունները, ոչնչանում է մարդկանց հոգեհարազատությունը, փողը խաթարել է բարոյական արժեքները՝ բազմաթիվ ազնիվ հոգիների դատապարտելով տառապալի կյանքի: 1895–96թթ. հայերի կոտորածների ժամանակ գրողը պաշտպանել է Հայ դատը, որի պատճառով ցարական կառավարությունը նրան ձերբակալել է:


XIX դարի 90-ական թվականներին Շիրվանզադեն գրել է «Արսեն Դիմաքսյան» (1893թ.) վեպը, «Ցավագարը» («Չար ոգի», 1894թ.), «Կրակ» (1896թ.) վիպակները, իսկ 1896–97թթ.՝ «Քաոսը», որը հայ ռեալիստական վեպի գլուխգործոցն է թե´ գեղարվեստական, թե´ գաղափարական առումով: Վեպի առանցքը Բաքվի մի նշանավոր գերդաստանի պատմությունն է. «Գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացրել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը... Միջավայրն արտաքուստ փայլուն էր, ներքուստ՝ այլանդակ ու ծայրաստիճան վտանգավոր»:


Բացառիկ է Շիրվանզադեի դերը XX դարի սկզբի հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Հանդես է եկել Պետրոս Ադամյանի, Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի և ուրիշների մասին հոդվածներով, գրել է «Մելանիա» (1899թ.), «Արտիստը» (1901թ.) վիպակները, «Վարդան Ահրումյան» (1902թ.) վեպի առաջին մասը, դրամատիկական գործեր՝ «Եվգինե», «Ունե՞ր իրավունք» (երկուսն էլ՝ 1903թ.), «Պատվի համար» (1905թ.): Վերջինիս նյութը, ինչպես «Քաոսում», քաղված է մի ընտանիքի պատմությունից, որին գրողը հաղորդել է հոգեբանական հարստություն և խոր իմաստ. ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը, հակադրվելով և պախարակելով մեկը մյուսին, ներկայացնում է իր միջավայրը:


Հետագա տարիներին լույս են տեսել «Կործանվածը» (1909թ.), «Ավերակների վրա» (1911թ.), «Արհավիրքի օրերին» (1917թ.) դրամաները, «Շառլատանը» (1912թ.) կատակերգությունը և այլ գործեր:


1905–10թթ. Շիրվանզադեն ապրել է Փարիզում: Առաջին աշխարհամարտը (1914–18թթ.) և հայ ժողովրդի արևմտյան հատվածի եղեռնը ծանր տպավորություն են թողել գրողի վրա: Բազմաթիվ հոդվածներում, նամակներում ու գրական երկերում նա բացահայտել է հայերի կոտորածների բուն պատճառները, մերկացրել թուրքական իշխանությունների անմարդկային արարքները, մեծ տերությունների խարդավանքները: 1916թ. նա Հովհաննես Թումանյանի հետ եղել է ժամանակավորապես ազատագրված Արևմտյան Հայաստանում:


1919թ. բուժման նպատակով դարձյալ մեկնել է արտասահման: 1926թ. գրողը հաստատվել է Երևանում. գրել է «Մորգանի խնամին» (1930թ.) կատակերգությունը, ամբողջացրել «Կյանքի բովից» երկհատոր հուշագրությունը (1932թ.), հրատարակության պատրաստել իր երկերը (8 հատոր, 1929–34թթ.), վերամշակել մի շարք գործեր:


Շիրվանզադեն արժանացել է Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդական գրողի (1930թ.), Անդրկովկասի մշակույթի վաստակավոր գործչի կոչումների:


Գրողի բազմաթիվ ստեղծագործություններ բեմադրվել են հայ թատրոնում, նրա երկերի հիման վրա Հայֆիլմում նկարահանվել են «Նամուս» (1925թ.), «Չար ոգի» (1927թ.), «Պատվի համար» (1956թ.), «Մորգանի խնամին» (1970թ.), «Քաոս» (1973թ.) կինոնկարները:


Երևանում և ՀՀ այլ քաղաքներում Շիրվանզադեի անունով կոչվել են դպրոցներ և փողոցներ, Կապանի պետական թատրոնը:


Ապրիլի 7-ը առողջության համաշխարհային օրն է


Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես առողջության համաշխարհային օր՝ ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման:

Ամեն տարի ապրիլի 7-ը նշվում է յուրահատուկ կարգախոսով, որը կենտրոնացնում է ուշադրությունը հանրային գլոբալ առողջապահական միտումների և առողջությանը սպառնացող թիրախների վրա:

Այս տարի առողջության համաշխարհային օրվա թեման է «Առողջություն և երկարակեցություն», իսկ կագախոսը՝ «Առողջությունը երկարակեցության գրավականն է»:

Բնակչության ծերացումը՝ ծնելիության և երկարակեցության ցուցանիշների տեղաշարժը, այժմ շատ արդի խնդիր է: Վերջին հարյուրամյակում կյանքի միջին տևողությունն ամբողջ աշխարհում զգալիորեն ավելացել է: Վերջինս կարող է դառնալ 21-րդ դարի կարևորագույն հիմնախնդիրներից մեկը, ինչը կբերի տարեց և ծեր (65 տարեկան) մարդկանց թվի գերազանցմանը երեխաների թվին:

Ուսումնասիրությունները փաստում են, որ 2050թ. Եվրոպայում 65-ից բարձր տարիք ունեցողների թիվը կաճի մինչև 70%: 80 և բարձր տարիքի մարդկանց խումբը կկազմի 170%:

Բնակչության ծերացումը տեղի է ունենում ամենուրեք, այդ թվում և Հայաստանում: Այն գլոբալ, անխուսափելի և կանխատեսելի գործընթաց է, որը նաև լրջագույն ազդեցություն է թողնում հանրային առողջապահական խնդիրների և հանրային առողջապահական ծառայությունների մատուցման վրա: Այս փոփոխությունները նպաստում են նաև առողջապահական պահանջարկի մեծացմանը՝ միաժամանակ նվազեցնելով աշխատող բնակչության թիվը:

Տարեցների առողջական խնդիրների պատճառները շատ տարբեր են: Վիճակագրական տվյալների համաձայն՝ հիվանդության զարգացման հիմնական պատճառները ոչ վարակիչ հիվանդություններն ու վնասվածքներն են: Հայտնի է նաև, որ միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանը, 65-ից բարձր տարիք ունեցող մարդկանց համար ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով առաջացած խնդիրները 2-3 անգամ շատ են, քան նույն խնդիրները բարձր եկամուտ ունեցող երկրներում:

Ուստի, ըստ ԱՀԿ-ի առաջարկած մոտեցումների՝ բարելավելով այսօր երեխաների, աշխատունակ բանկչության և տարեցների առողջությունը՝ հնարավոր է ստեղծել առողջ բնակչություն և ապահովել առողջ ծերացում ներկայում և ապագայում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More