воскресенье, 15 июля 2012 г.

Վարդավառ


Այլակերպության տոնը կամ Վարդավառը, որը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոններից մեկն է, այս տարի կնշվի հուլիսի 31-ին:
Ներկայացնելով տոնի նախապատմությունը՝ Բյուրավանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Ղազար քահանա Պետրոսյանն այսօրվա ասուլիսին ասաց. «Վարդավառը Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնն է։ Աստվածորդին մինչև խաչվելը, իր երեք հավատարիմ աշակերտների ուղեկցությամբ, բարձրանում է Թաբոր լեռան գագաթը, որտեղ տեղի է ունենում նրա այլակերպումը». հենց այդ դրվագն է հանդիսանում Վարդավառի նախասկիզբը։
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանն էլ անդրադարձավ տոնի ազգագրական նշանակությանն ու խորհրդին։ «Վարդավառը հայ ժողովրդի ամենասիրելի և հնագույն արմատներ ունեցող տոններից է, որի որոշ ավանդույթներ թեև չեն պահպանվել, սակայն անփոփոխ է տոնի հիմնական նշանակությունը, այն է ժողովրդին համախմբելու միջոցով հաղորդակից դարձնել Աստծուն»,– շեշտեց ազգագրագետը։ Նրա խոսքով՝ առ այսօր շարունակվում են պահպանվել իրար վրա ջուր ցանելու և համաժողովրդական տոնախմբություն կազմակերպելու սովորույթները։
Խոսելով միմյանց ջրելու սովորույթի մասին՝ քահանան նշեց, որ այն գալիս է Նոյ նահապետից. Ջրհեղեղից մեկ տարի անց Տապանի առաջնորդը ջուր է ցողում իր որդիների վրա, որպեսզի այդպիսով հանի անցյալի երկյուղն ու փառաբանի տիրոջը։
«Ըստ ճշմարիտ քրիստոնեական կեցվածքի՝ Վարդավառը պետք է դիմավորել ծոմով, այնուհետ ներկա լինել պատարագի, որից հետո էլ մասնակցել համահավաք խնջույքի»,–կարևորեց Տեր Ղազարը։ Նա հավելեց, որ Վարդավառին հաջորդող մեռելոցը ոչ թե ողբի ծես է, այլ հանգուցյալներին հիշելու միջոցով՝ նրանց մեր տոնին մասնակից դարձնելու կարգ։
Լրագրողների այն հարցին, թե ինչու՞ է Վարդավառը տարբեր օրերի նշվում Հայաստանի որոշ բնակավայրերում, բանախոսները մատնանշեցին կոմունիստական յոթանասուն տարիների շրջափուլը, ինչը որոշակիորեն խեղել է տոնի՝ միասնական նշելու սովորույթը։






0 Մեկանաբնություն:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More