понедельник, 23 апреля 2012 г.

Մեծ Եղեռն

                      Հայոց Ցեղասպանություն
                       

Հայերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության հիմքում պանիսլամիզմի և պանթյուրքիզմի պետական դարձած գաղափարախոսություններն են:
Երիտթուրքական կառավարությունը, մտնելով Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, «Մեծ Թուրան» ստեղծելու հեռահար ծրագրեր ուներ: Մասնավորապես, նախատեսվում էր կայսրությանը կցել Այսրկովկասը, Հյուսիսային Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը և Պովոլժիեն: Այդ նպատակի իրականացման ճանապարհին անհրաժեշտ էր առաջին հերթին ոչնչացնել հայ բնակչությանը` նրանց մեղադրելով ռուսական կողմնորոշման և պանթյուրքիստների զավթողական ծրագրերը խոչընդոտելու համար: Հայերի բնաջնջումը միաժամանակ օրակարգից կհաներ նաև Հայկական հարցը, որով վերջ կդրվեր եվրոպական տերությունների միջամտություններին Թուրքիայի ներքին գործերին:
Ցեղասպանության ծրագիրն ուներ նաև ակնհայտ նյութական դրդապատճառներ. այն է` ձերբազատվել հայերի տնտեսական մրցակցությունից և բռնազավթել նրանց անշարժ ու շարժական գույքը:
Դեռևս Առաջին աշխարհամարտից առաջ հայ բնակչության բնաջնջման ծրագիրը մշակել էին կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, ռազմական նախարար Էնվեր փաշան, ծովային նախարար Ջեմալ փաշան, երիտթուրքական կուսակցության կենտկոմի անդամ Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ: Առաջին աշխարհամարտի սանձազերծումը պատեհ առիթ է ստեղծել հայերի զանգվածային ոչնչացման ծրագրերի իրագործման համար: 1914 թ-ի հոկտեմբերին Թալեաթի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ կազմվել է հատուկ մարմին՝ «Երեքի գործադիր կոմիտե» (Սելանիկլի Նազիմ, Բեհաէդդին Շաքիր, Միդհատ Շյուքրի), որին հանձնարարվել է կազմակերպել հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: «Երեքի գործադիր կոմիտեն» ստացել է մեծ լիազորություններ, զենք ու դրամ:
Իրենց ծրագիրն իրականացնելու նպատակով իշխանությունները նախ փորձել են հայերին զրկել դիմադրելու հնարավորությունից: Հայերի ցեղասպանության ծրագիրն իրականացվել է 3 փուլով:
Առաջին՝ պատերազմի սկզբին բանակ զորակոչված 18–45 տարեկան 60 հզ. հայ զինվորները, Սարիղամիշի մոտ թուրքական բանակի ջախջախումից հետո, որպես քավության նոխազ, զինաթափվել  են և 1915 թ-ի փետրվարին Էնվերի հրամանով ոչնչացվել: Սկզբում նրանց ռազմաճակատից տեղափոխել են թիկունք՝ բանվորական գումարտակներ, ապա խմբերով դուրս բերել տեղակայված վայրերից ու կոտորել: Այդ ընթացքում բռնագրավել են հայ բնակչության սակավաթիվ զենքն ու զինամթերքը:
Ցեղասպանության երկրորդ փուլը հայ մտավորականության և հայությանը կազմակերպող ուժի ձերբակալությունն ու ոչնչացումն էր: Զեյթունում խոշտանգվելով սպանվել է ազատագրական շարժման գործիչ Նազարեթ Չաուշը (Նորաշխարհյան), Վանում՝ Իշխանը (Նիկողայոս Պողոսյան), օսմանյան խորհրդարանի պատգամավոր Արշակ Վռամյանը (Օնիկ Դերձակյան) և շատ ուրիշներ: 1915 թ-ի ապրիլի 24-ին և հաջորդ օրերին Կոստանդնուպոլսում ձերբակալվել և Անատոլիայի խորքերն է աքսորվել մոտ 800 մտավորական. նրանց թվում էին կոմպոզիտոր Կոմիտասը, գրողներ Գրիգոր Զոհրապը (նաև խորհրդարանի պատգամավոր էր), Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Զարդարյանը, բժիշկ Նազարեթ Տաղավարյանը և շատ ուրիշներ: Մեծ մասն սպանվել է: 1915 թ-ի հունիսին Կոստանդնուպոլսի հրապարակներից մեկում կախաղան են բարձրացվել հնչակյան գործիչ Փարամազը (Մատթեոս Սարգիսյան) և նրա 19 կուսակից ընկերները:
Երրորդ փուլում սկսվել է տասնյակհազարավոր անպաշտպան կանանց, երեխաների ու ծերերի զանգվածային տեղահանությունը: Որոշ վայրերում հայ բնակչությունը փորձել է դիմադրել: 1915 թ-ի մայիս-հունիսին սկսվել են Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Դիարբեքիրի նահանգների, Կիլիկիայի, Արևմտյան Անատոլիայի և այլ վայրերի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն արդեն կռահել էր, որ հայ բնակչության տեղահանությունը հետապնդում է մեկ նպատակ` հայերի զանգվածային ոչնչացում: Տեղահանության իսկական նպատակը հայտնի էր նաև Թուրքիայի դաշնակից Գերմանիային, որի դեսպան Հանս Վանգենհայմը 1915 թ-ի հուլիսին այդ մասին տեղեկացրել է իր կառավարությանը:
Մշտական բնակության վայրերից բռնի տեղահանված հայերը կարավաններով ուղարկվել են կայսրության խորքերը, Միջագետք և Սիրիա, որտեղ նրանց համար ստեղծվել էին հատուկ ճամբարներ: Ճանապարհին նրանք ենթարկվել են թուրքական խուժանի ու քրդական ավազակախմբերի հարձակումներին, կոտորվել. տեղահանվածների չնչին մասն է հասել ճամբարներ: Այսպես՝ Տրապիզոնի 3 հզ. հայ աքսորականներից Հալեպ է հասել միայն 35-ը: Միջագետքի անապատներ հասած աքսորականներին  հաճախ խմբերով հանել են ճամբարներից և կոտորել ավազուտներում: Հարյուրհազարավոր մարդիկ էլ դարձել են սովի, հիվանդությունների և համաճարակների զոհ: Հալեպի նահանգապետին ուղարկած գաղտնի հեռագրով Թալեաթը պահանջել է վերջ տալ հայերի գոյությանը՝ ուշադրություն չդարձնելով «ո՜չ սեռին, ո՜չ խղճի խայթին»:
Պահպանվել են ցեղասպանությունը վերապրած հայերի և իրադարձությունների ականատես օտարերկրյա դիվանագետների, միսիոներների ու լրագրողների՝ հայ բնակչությանը բաժին ընկած  ահավոր տառապանքների հազարավոր հաղորդագրություներ ու նկարագրություններ: Կոտորածը շարունակվել է նաև հետագա տարիներին: Հազարավոր հայեր ոչնչացվել են Ռաս ուլ Այնի, Դեյր էզ Զորի և այլ ճամբարներում:
Չնայած օրհասական դրությանը՝ 1915 թ-ին Արևմտյան Հայաստանում և կայսրության մի շարք շրջաններում հայությունը դիմել է ինքնապաշտպանության: Հերոսամարտեր են տեղի ունեցել Վանի վիլայեթում (Շատախ, Հայոց ձոր, Գյավաշ, Թիմար և այլ վայրերում), Վան քաղաքում, Մուշում, Սասունում, Շապին-Գարահիսարում, Մուսա լեռան վրա, Ուրֆայում, ինչպես նաև Բյուրիքում (Շապին-Գարահիսարի գավառ), Սինջարում (Դիարբեքիրի վիլայեթ), Ֆունջակում, Ֆռնուզում, Կիշելֆիլում, Բերեկոյում (Ադանայի վիլայեթ), Գուվաթ-Շափայում (Տրապիզոնի վիլայեթ) և այլ վայրերում:
1918 թ-ին արշավելով Այսրկովկաս՝ թուրքական զորքերը հայերի կոտորածները շարունակել են Արևելյան Հայաստանում ու Ադրբեջանում: Սեպտեմբերի 15-ին, երբ անգլիական ուժերը լքել են դիրքերը, թուրքերը գրավել են Բաքուն և ադրբեջանական ազգայնամոլների հետ կոտորել 30 հզ. հայի:
1918–20 թթ-ին հայ բնակչության ջարդեր են կազմակերպվել Շուշիում: 1919 թ-ի հունիսի 5-ի գիշերը քաղաքում և շրջակա գյուղերում սրի է քաշվել ավելի քան 500 հայ: 1920 թ-ի մարտի 23-ին թուրք-մուսավաթական ավազակախմբերը կոտորել են ավելի քան 30 հզ. մարդու, հրդեհել քաղաքի հայկական մասը:
1920 թ-ի թուրք-հայկական պատերազմի (սեպտեմբերի 28 – նոյեմբերի 18) ընթացքում թուրքական զորքերը Ալեքսանդրապոլում և գավառի գյուղերում զանգվածաբար ոչնչացրել են խաղաղ հայ բնակչությանը, կողոպտել ունեցվածքը:
1915–16 թթ-ին Եղեռնից մազապուրծ Կիլիկիայի հայերը, որոնք ապաստանել էին արաբական երկրներում, Թուրքիայի պարտությունից հետո սկսել են վերադառնալ իրենց բնակության վայրերը: Ըստ դաշնակիցների գաղտնի համաձայնության (1916 թ.)՝ Կիլիկիան մտնելու էր Ֆրանսիայի ազդեցության գոտի: 1919 թ-ին Կիլիկիայում հայերի թիվը 120–130 հզ. էր, 1920 թ-ին հասել է 160 հզ-ի: Այդտեղ տեղաբաշխված ֆրանսիական զորքերի հրամանատարությունը միջոցներ չի ձեռնարկել՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը, որից օգտվելով՝ քեմալականները բռնություններ են սկսել հայերի դեմ: 1920 թ-ի հունվարին, 20 օրվա մարտերի ընթացքում, Մարաշում զոհվել է 11 հզ. հայ, մնացածները հեռացել են Սիրիա:
Շուտով թուրքերը պաշարել են Հաճնը. տեղի 6 հզ. հայերը 7 ամիս համառորեն դիմադրել են, բայց հոկտեմբերին թշնամուն հաջողվել է գրավել քաղաքը: 1920 թ-ի սկզբին Հալեպ են հասել Ուրֆայի հայության խլյակները՝ մոտ 6 հզ. մարդ: 1920 թ-ի ապրիլի 1-ին քեմալական զորքերը պաշարել են Այնթապը: Շնորհիվ 15-օրյա հերոսական պաշտպանության՝ այնթապցիները խուսափել են կոտորածից: Բայց երբ ֆրանսիական զորքերը թողել են Կիլիկիան, 1921 թ-ի վերջին Այնթապի հայերն ստիպված անցել են Սիրիա: 1920 թ-ին քեմալականները ոչնչացրել են Զեյթունում մնացած հայերին:
Հայոց ցեղասպանության վերջին արարը 1919–22 թթ-ի հույն-թուրքական պատերազմի ընթացքում հայերի կոտորածն էր Թուրքիայի արևմտյան շրջաններում: 1921 թ-ի օգոստոս-սեպտեմբերին թուրքերը, բեկում մտցնելով պատերազմի մեջ, ընդհանուր հարձակման են անցել հունական զորքերի դեմ: 1922 թ-ի սեպտեմբերի 9-ին նրանք մտել են Իզմիր (Զմյուռնիա) և կազմակերպել հայերի ու հույների ջարդը, խորտակել են Իզմիրի նավահանգստում կանգնած հայ և հույն փախստականներով լեփ-լեցուն, ինչպես նաև փախստականներին փոխադրելու պատրաստ նավերը:
Թուրքական իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանության հետևանքով կայսրության 2,5 մլն հայերից զոհվել է 1,5 մլն-ը: Շուրջ 800 հզ. հայեր գաղթական են դարձել և ցրվել աշխարհով մեկ: Արևմտյան Հայաստանը զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Բռնի մահմեդականացվել է 200 հզ. հայ, որոնց սերունդներն այժմ հիմնականում բնակվում են Ճորոխ գետի հովտում: Ոչնչացվել է 66 քաղաքների ու 2500 գյուղերի հայ և այլազգի քրիստոնյա բնակչությունը: Կողոպտվել և քանդվել են 2350 եկեղեցի ու վանք, 1500 դպրոց ու վարժարան: Արևմտահայությանը հասցվել է 14,6 մլրդ ֆրանսիական ֆրանկի կամ 6 մլրդ գերմանական մարկի վնաս: Թուրքական կառավարությունը կողոպտած փողերից Բեռլին է ուղարկել 100 մլն մարկ (ոսկի): Յուրացվել են նաև օսմանյան բանկերում պահվող հայերի ավանդները, ինչպես նաև նրանց պատկանող շարժական ու անշարժ գույքը:
Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն է կրում նաև կայզերական Գերմանիայի կառավարությունը, որը ոչ միայն տեղյակ էր նախապատրաստվող ոճրագործությանը, այլև նպաստել է դրա իրագործմանը: Գերմանիայի մեղսակցությունը նշել են գերմանացի հանրահայտ մտավորականներ Յոհաննես Լեփսիուսը, Արմին Վեգները, Կարլ Լիբկնեխտը և ուրիշներ:
Աշխարհի առաջադեմ հասարակական, քաղաքական և մշակույթի ու գիտության բազմաթիվ գործիչներ [Ջեյմս Բրայս, Առնոլդ Թոյնբի (Մեծ Բրիտանիա), Մաքսիմ Գորկի, Վալերի Բրյուսով (Ռուսաստան), Անատոլ Ֆրանս, Ժակ դը Մորգան (Ֆրանսիա), Յոզեֆ Մարկվարտ (Գերմանիա), Հերբերտ Գիբոնս (ԱՄՆ), Ֆրանց Վերֆել (Ավստրիա) և շատ ուրիշներ] դատապարտել են թուրք ջարդարարների հանցագործությունը:
Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից (1918 թ-ի հոկտեմբերի 30) հետո թուրքական իշխանությունները մեղադրել են երիտթուրքերի պարագլուխներին՝ Թուրքիան կործանարար պատերազմի մեջ ներքաշելու համար, և դատի տվել: Պատերազմի հանցագործներին ներկայացվել են նաև Օսմանյան կայսրության հայերի կոտորածների կազմակերպման ու իրականացման մեղադրանքներ: Սակայն երիտթուրքական պարագլուխներից մի քանիսի դատավճիռները կայացվել են հեռակա կարգով (1919 թ-ի հուլիս): Աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո նրանց հաջողվել է փախչել երկրից. ոմանց (Թալեաթ, Բեհաէդդին Շաքիր, Ջեմալ, Սայիդ Հալիմ և ուրիշներ) նկատմամբ մահվան դատավճիռը հետագայում իրականացրել են հայ ժողովրդական վրիժառուները՝ «Նեմեսիս» գործողությամբ:
1988 թ-ի նոյեմբերի 25-ին ՀԽՍՀ ԳԽ-ն ընդունել է «Օրենք Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ-ի ցեղասպանության դատապարտման մասին», որով Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը դատապարտվել է որպես ոճրագործություն մարդկության դեմ: 1990 թ-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ ԳԽ-ի ընդունած Հայաստանի անկախության մասին հռչակագրում ասված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թ-ին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:



ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՅՑԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կառուցելու գործում մեծ է եղել Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի դերը:
1964թ. Հայաստանից մի խումբ մտավորականներ նամակ են գրել ՀԿԿ կենտկոմին՝ խնդրելով թույլատրել  կառուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Երկար դիմում-խնդրանքներից հետո վերջապես 1965թ. ՀԽՍՀ նախարարների խորհուրդն այդ հուշարձանը կառուցելու մասին որոշում է կայացրել:
Նույն թվականի ապրիլի 1-ին հայտարարվել է կոթողի լավագույն նախագծի համար մրցույթ, որին կարող էին մասնակցել նաև սփյուռքահայ ճարտարապետներ: Մրցույթի ավարտին ներկայացվեց մոտ 70 նախագիծ: Ըստ մրցույթը կազմակերպողների` այդ կոթողը պետք է մարմնավորեր նաև հայ ժողովրդի մաքառումներով լի կյանքը, նրա կենսունակությունը, ներկան և վառ ապագան:
Քվեարկությամբ ընտրվեց <<ՀՍՍՌ դրոշակ>> ծածկանվամբ նախագիծը (հեղինակներ՝ Սաշուր Քալաշյան, Արթուր Թարխանյան): Վայրն ընտրել էին հեղինակները: Հուշահամալիրը կառուցվել է 1965-1967թթ., որի համար ծախսվել է 400000 ռուբլի: Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ1967թ. նոյեմբերի 29-ին` խորհրդային Հայաստանի 47-րդ  տարեդարձի օրը:
Հուշահամալիրն զբաղեցնում է 4500 քմ տարածք: Բաղկացած է հիմնական 3 կառույցներից՝ հա-վերժության տաճարը, հուշասյունը և հուշապատը:
Համալիր տանող ճանապարհն անցնում է բազալտե սրբատաշ քարերով շարված 100 մ երկարությամբ հուշապատի կողքով, որի վրա փորագրված են Օսմանյան կայսրության ենթակայության տակ գտնվող հայաբնակ մի շարք խոշոր բնակավայրերի անուններ, որոնց բնակչությունը թուրքական ոճրագործության զոհ է դարձել: Հուշապատը  նաև մի ուրույն պատնեշ է, որը հուշահամալիրը  բաժանում է  Հրազդանի հանդիպակաց ափի բնակելի տարածքից:
1996թ. հուշապատի հակառակ կողմում ամփոփվել են օտարազգի այն անհատների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, ովքեր բողոքի ձայն են բարձրացրել ընդդեմ Հայոց ցեղասպանության: Այդ նվիրյալներն են Արմին Վեգները, Հեդվիգ Բյուլը, Հենրի Մորգենթաուն, Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը, Ջեյմս Բրայսը, Ֆրիտյոֆ Նանսենը, Ֆայեզ էլ Ղուսեյնը, Անատոլ Ֆրանսը, Ջակոմո Գորինին, Բենեդիկտոս 15-րդը, Քարեն Եփփեն:
 <<Վերածնվող Հայաստան>> հուշասյունը սլաքաձև է, դեպի երկինք է խոյանում 40 մ բարձրությամբ: Այն խոր ակոսներով բաժանված է երկու մասի՝ մեծ և փոքր ընձյուղների, որոնք արտահայտում են կյանքի շարունակականության, ազգի վերածննդի գաղափարը: Ըստ հեղինակների`  հուշասյունը բույսի ցողուն է, որը ցավի տապանը պատռել և դուրս է եկել՝ խորհրդանշելով շարունակվող կյանքը:
 Հավերժության տաճարը կառուցված է դեպի կենտրոն խոնարհվող բազալտե հսկա 12 մույթերով: 12 թիվն ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից: Դեպի տաճարի սրահը և հավերժական ջահն են տանում հարթակից իջնող անսովոր բարձր աստիճանները, որոնք այցելուներին ստիպում են խոնարհվել Եղեռնի զոհերի հիշատակի առջև:
Հուշասրահի խորքից մշտապես հնչում են Կոմիտասի, Մ. Եկմալյանի հեղինակած սգո մեղեդիները, որոնց հետ ներդաշնակորեն միահյուսվում է հավերժության կրակը:  Կրակն արտահայտում է վերքի չսպիանալու, հավերժ մխալու գաղափարը: Կենտրոնական կլոր ծավալով այդ տապանը նույնպես, հեղինակների պատկերացմամբ, ճաքել է ցավի ուժգնությունից, պատռվել, և  բացվել է վերքը:

0 Մեկանաբնություն:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More