пятница, 27 января 2012 г.

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: Շնորհավոր տոնդ Հայոց բանակ




Հունվարի 28-ն արդեն մի քանի տարի նշվում է որպես Բանակի օր: Բանակ, որ չնայած երիտասարդ տարիքին, որպես Հայոց իրողություն, իր էության մեջ հազարավոր տարիների հպարտանալու արժանի պատմություն ունի ամբարած, սկսած մեր նախահայր Հայկից, շարունակած Տիգրան Մեծով, Մամիկոնյան տոհմի սպարապետներով, Բագրատունիներով, մինչեւ Սարդարապատ, Բրանդենբուրգյան դարպասների մոտ քոչարի պարած թամանցիներ, մինչեւ Շուշի ու Քարվաճառ ազատագրած մերօրյա հերոսներըԱյսօր մե՛ր բանակի տոնն է: Բայց, մյուս կողմից, ակնհայտ է, որ այս տոնը դեռևս ձեռք չի բերել այն ժողովրդականությունը, ինչպիսին ուներ Կարմիր բանակայինի օր փետրվարի 23-ը խորհրդային տարիներին: Սակայն վստահ ենք, որ ժամանակի ընթացքում հայերս ճիշտ կընկալենք բանակի դերակատարությունը և նշանակությունը մեր բոլորիս պաշտպանության և անվտանգության ապահովման գործում և այս տոնը կնշենք իսկապես ողջ ժողովրդով, հավուր պատշաճի: Հայկական բանակը, չնայած իր ակունքներում ուներ խորհրդային բանակի ավանդույթները, այնուամենայնիվ ստեղծվեց հախուռն, անհրաժեշտությունից ելնելով, ֆիդայական ջոկատների վրա հիմնվելով, բայց որն ամենակարևորն է, կայացավ Հայրենիքի սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրման համար մղվող պատերազմական գործողություններին զուգընթաց: Չնայած դժվարին ժամանակներին, մեր բանակի շինարարներին հաջողվեց անել այն, ինչը չստացվեց հետխորհրդային երկրներից եւ ոչ մեկի մոտ, թերեւս, միգուցե բացառությամբ Ռուսաստանի: Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում հայկական զինված ուժերը կարողացան ոչ միայն արդյունավետ դիմակայել արտաքին թշնամուն, այլև մեր տարածաշրջանում հաստատված հարաբերական կայունության ապահովման գործում դարձան ամենակարևոր գործոններից մեկը: Հաճելի է արձանագրել, որ օտար փորձագետների գնահատմամբ եւս Հայաստանի զինված ուժերն են մեր պայթյունավտանգ տարածաշրջանում կայնության ապահովման հիմնական երաշխիքներից մեկը: Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե մեր բանակի ձեռք բերումները հնարավորություն են տալիս մեզ «քնել դափնիների» վրա և անուշադրության մատնել բանակի ամրապնդման հետագա ընթացքը: Ընդհակառակը, մենք չպետք է կանգ առնենք ունեցածի վրա և ջանք ու եռանդ չպետք է խնայենք մեր բանակը մարտունակ, սպառազինության ժամանակակից տեսակներով զինված, այդ զինատեսակներին տիրապետող, քաղաքականապես գրագետ և բարձր կամային որակներով օժտված զինվորներով համալրված կառույց դարձնելու համար: Խնդիրներն, իհարկե, շատ են, սակայն անհրաժեշտ է առանձնացնել դրանցից մի քանիսը, որոնք առավել առարկայական են և որոնց լուծումը էականորեն կբարձրացնի բանակի մարտական պատրաստականությունը: Մասնավորապես, այսօր մեր բանակի մարտունակությունը բարձր պահելու համար առաջին հերթին պետք է բարելավել բանակում տիրող բարոյա-հոգեբանական մթնոլորտը: Սա առաջին հերթին ոչ միայն բանակային ղեկավարության, այլ բոլորիս, և անշուշտ պետության հոգածության առարկան է: Բանակը պետք է համալրվի առնվազն միջնակարգ կրթություն ստացած, ֆիզիկապես և հոգեպես առողջ երիտասարդներով: Իր հերթին, բանակի բարձրագույն ղեկավարությունը պետք է հոգ տանի, որպեսզի զինված ուժերում որպես սպա ծառայություն անցնողներն ունենան անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն և բարոյա-կամային բարձր հատկանիշներ: Մյուս խնդիրն առնչվում է զինծառայողների սոցիալական հիմնախնդիրների հետ և անմիջականորեն ազդում է հայրենիքին հավուր պատշաճի ծառայելու շահադրդման վրա: Բնականաբար ցանկալի կլիներ, որպեսզի մեր բանակային հայրենակիցների առօրյա բոլոր հոգսերն իրենց լուծումը ստանային պետության և հասարակության աջակցությամբ, ինչը կբերեր այն բանին, որ հայ զինվորը բացառապես կկենտրոնանա իր մասնագիտական պարտականությունները առավելագույնս արդյունավետ իրականացնելուն: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ուժերի ներածի չափով ամեն ինչ անի բանակաշինության գործին օժանդակելու համար, և մեկընդմիշտ հիշի, որ բանակը ոչ թե գեներալներին է, կամ սպայակազմի որևէ հատվածինը, այլ ամենքինս և կոչված է ծառայելու հանուն բոլորիս անվտանգության և պաշտպանության: Ինչևէ, հայոց բանակի մարտիկին, շնորհավորելով տոնի կապակցությամբ, մաղթում ենք, որպեսզի նրա մասնագիտական հմտություններն ու կարողությունները ցուցադրելու իրական առիթ երբևէ չծագի և շատ մոտ ապագայում զինծառայողի բոլոր հիմնախնդիրները լուծված լինեն:

0 Մեկանաբնություն:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More