вторник, 23 апреля 2013 г.

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր



1892-1923 թթ. զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ։ Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է:
Առաջին աշխարհամարտը հնարավորություն է ընձեռում երիտթուրքերին հաշվեհարդար տեսնել կայսրության հպատակ հայերի հետ` իրականացնելով դեռևս 1911 թ. Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։
Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը։ Հայերը և Հայաստանը արգելք էին հանդիսանում երիտթուրքական ծրագրի ճանապարհին։ Նրանց երազած «Մեծ Թուրան»-ը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ։ Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության ներքո գտնվող ասորիների, հույների և արաբների նկատմամբ։
1915 և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ցեղասպանություն։ Այն ցեղասպանություն էր, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի՝ հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում։ Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որը տեղի ունեցավ հայերի հետ։ Այս անհերքելի փաստը համառորեն չի ընդունում Թուրքիայի կառավարությունը։ Վերջինին հետևելով՝ անտեսման քաղաքականություն է վարում նաև աշխարհի պետությունների մեծամասնությունը։
Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումն իրականացել 3 փուլով։ Առաջին փուլում բանակ զորակոչվեցին 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ։ Նրանց զինաթափեցին և 50-100-հոգանոց խմբերով կոտորեցին։ Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը։ 
Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության՝ քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը։ 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը։ Սրանք բոլորն այնուհետև աննկարագրելի տանջանքների ենթարկվեցին և սպանվեցին։ 
Թուրքական սրի զոհը դարձան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ։ Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։
Այս կոտորածի արդյունքը եղավ Արևմտյան Հայաստանի հայերից՝ ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զրկվելը։ Մեկ տարվա ընթացքում բռնի կերպով մահմեդականացվեց 200.000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում։ Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1.000.000 հայ։ Ահռելի էին նաև նյութական կորուստները։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։
Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։ Իսկ ահա 1915-1916 թվականներին, ըստ տարբեր աղբյուրների, նահատակվեց 500.000 - 1.500.000 հայ։ Ըստ վերջին երկու տասնամյակների հետազոտությունների՝ զոհերի թիվը կազմել է մոտ 1.200.000:
1965 թ.` Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Հայաստանում ծագեց հուշահամալիր կառուցելու միտքը։ Երկու տարի անց Երևանում` Հրազդան կիրճի մոտ գտնվող Ծիծեռնակաբերդ բլրում, ավարտվեց ճարտարապետ Արթուր Թարխանյանի նախագծած (Ս. Քալաշյանի համահեղինակությամբ) հուշահամալիրի կառուցումը։ 44-մետրանոց քարակոթողը խորհրդանշում է հայ ազգի վերածնունդը, իսկ 12 քարակոթողները` կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի կազմում։ Այդ 12 քարակոթողներն առաջացնում են կոն, որի կենտրոնում 1,5 մետր խորության վրա վառվում է անմար կրակը։
 
Համալիրի մոտ է գտնվում 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են այն քաղաքների ու գյուղերի անվանումները, որոնցում տեղի են ունեցել կոտորածները։
1995 թ. հուշահամալիրին կից բացվեց ցեղասպանության թանգարանը, որը նախագծել են ճարտարապետներ Քալաշյանը և Մկրտչյանը։ Թանգարանում ներկայացված են որոշ լուսանկարներ, որոնք արել են գերմանացի լուսանկարիչները (այդ թվում` Արմին Վեգների արած լուսանկարները)։ Թանգարանից ոչ հեռու գտնվում է պուրակ, որտեղ արտասահմանյան քաղաքական գործիչները ծառ են տնկում ի հիշատակ զոհերի։
Ամեն տարի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հարյուր հազարավոր մարդիկ այցելում են հուշահամալիրը և ծաղիկներ դնում անմար կրակի շուրջը։

       
                                                                                               Աղբյուր ՝http://www.dasaran.am/

0 Մեկանաբնություն:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More